24.04.2025թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահության դատավոր Տաթևիկ Մուրադյանի, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղադրվող, մեր վստահորդ Վ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը, մերժել է այն` կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ:
Միջնորդության քննարկումը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում Դատարանը բավականին մանրամասնությամբ քննության է առել մեղադրանքի և պաշտպանական կողմերի փաստարկները` իրականացնելով որակյալ ու օրինակելի արդարադատություն, որի համար շնորհակալություն ենք հայտնում Դատավոր Տ.Մուրադյանին:
Շնորհակալ ենք նաև քննիչ Սարգիս Առաքելյանին` դատարանում ցուցաբերած իրավական առողջ մրցակցության, մասնագիտական ու մարդկային որակների և սեփական միջնորդությունը պաշտպանելու նպատակով ցուցաբերած մասնագիտական համառության համար:
Այս գործով պատրաստվում ենք վիճարկել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների կողմից կազմվող` «Տեղեկանք նախնական հաշվարկի մասին» անվանմամբ փաստաթղթի հիման վրա անձին մեղադրելու և ՊԵԿ ծառայողների կողմից տնտեսվարող սուբյեկտից համակարգիչներ ու փաստաթղթեր «վերցնելու» արատավոր պրակտիկայի իրավաչափությունը: Վիճարկման արդյունքների վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ: