Հաղթանակ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող օտարերկրացի մեր 6 պաշտպանյալների գործով

  • Գլխավոր
  • Գործեր
  • Հաղթանակ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող օտարերկրացի մեր 6 պաշտպանյալների գործով

Ինչպես արդեն հայտնել էինք 2024 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ էին դիմել միևնույն քրեական վարույթով անցնող թվով 6 օտարերկրյա քաղաքացիներ՝ Բ.Ֆ.-ն, Ֆ.Է.-ն, Է.Ֆ.-ն, Մ.Օ.-ն, Ի.Ժ.-ն և Ա.Ա.-ն, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով՝ նրանց պաշտպանությունը մեր փաստաբանների կողմից ստանձնելուց օրեր անց:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար) ներկայացված մեղադրանքները նախաքննության ավարտական փուլում հօգուտ մեղադրյալների փոփոխվել են՝ մեղադրանքներից հանելով ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքների կատարումը:
2025 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում համաձայնեցման վարույթի կիրառմամբ ավարտվեց վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, որոնց շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնում էին մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանը և Արսեն Սարդարյանը:
Հրապարակված դատավճռով դատարանը հաստատեց բանակցությունների արդյունքում դատախազի հետ կնքված համաձայնության արձանագրությունները և ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր բոլոր 6 վստահորդների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան: